Սպանության փորձ՝ ավտոմեքենայի կայանման համար
Արթուր Ա․-ն 2023 թվականի ապրիլի 16-ին ժամը 19:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի փողոցներից մեկում, ավտոմեքենայի կայանման հարցի շուրջ, հոր հետ միասին վիճաբանել է Արման Հ․-ի հետ, որի ժամանակ Արթուր Ա․-ն պանելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արման Հ․-ին, վերջինիս պարանոցի ձախ շրջանում առաջացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք։ Արման Հ․-ն տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալու արդյունքում փրկվել է նրա կյանքն ու հանցագործությունն Արթուր Ա․-ն, կամքից անկախ հանգամանքներով, չի իրագործել։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մարտի 13-ին և մակագրվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանին։
Արթուր Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:
Հոդված 155. Սպանությունը
1. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:
Արթուր Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ կալանավորումը, վերջին դատական նիստի ժամանակ նրա կալանքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 29-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: