Բլինքենն ու Սիբիհան քննարկել են ԱՄՆ շարունակական աջակցությունը Ուկրաինային
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ:
«Պետքարտուղարը շնորհավորել է Սիբիհային նոր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և ընդգծել Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների գործընկերության շարունակական ուժը, ներառյալ՝ մշտական ռազմական, տնտեսական և հումանիտար աջակցությունը՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարը շարունակելու և Ուկրաինայի տնտեսության վերականգնումն արագացնելու համար»,- հայտնել է պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացման շաբաթվա համար Ուկրաինայի վերաբերյալ նախատեսված միջոցառումներին:
Ավելի ուշ Բլինքենը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ վստահություն հայտնելով, որ Սիբիհան շարունակելու է Դմիտրո Կուլեբայի աշխատանքն ու սերտ համագործակցությունը։
Սիբիհան իր հերթին նշել է, որ Բլինքենի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման արագացման, խաղաղության բանաձևի առաջմղման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ուղիները։