Դեմ ենք, որ այլ երկրներից գան ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանել. ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանը դեմ է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը սահմանեն այլ երկրների ներկայացուցիչներ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում նրան, որ այդ ճանապարհի վերահսկողությունը հնարավոր է հանձնվի մասնավոր պահնորդական ընկերությանը։
«Մենք կողմ ենք, որ այն, ինչ կատարվում է, լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Ցանկացած վերահսկողություն պետք է լինի Հայաստանի Հանրապետության կողմից, և մենք կողմ չենք, որ այլ երկրներից գան այստեղ ու փորձեն ինչ-որ անվտանգություն և վերահսկողություն սահմանեն»,- ասաց նա։
ՀՀ–ում Իրանի դեսպանը նշել է, որ լսել է մասնավոր ընկերության մասին, բայց հավելեց, որ իր տեղեկություններով՝ խոսքը անվտանգության ապահովման մասին չէ։
«Խոսքն այն մասին է, որ որևէ առևտրային ընկերության ներկայացուցիչ իր բեռը փոխադրելիս կարող է ներկա լինել այդ ճանապարհին»,- նշել է նա։
Իր տեղեկություններով` ճանապարհի անվտանգությունն ու վերհասկողությունը լինելու է ՀՀ կառավարության կողմից։
Միևնույն ժամանակ Սոբհանին նաև վստահեցրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չի կարող իրականություն դառնալ։
«Այն երազները, որոնք ոմանք տեսնում են Հայաստանի մասին տարբեր անվանումներով, այդ թվում` այսպես կոչված «միջանցքի» մասին, իրականություն չեն դառնա»,- ասել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, ազգային ինքնիշխանությանը և անկախությանը, ու հավելել, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը իրենց համար «կարմիր գիծ» է։