Թրամփն ու Հարիսը պայմանավորվել են հեռուստաբանավեճի կանոնների շուրջ
Ամերիկյան ABC News հեռուստաալիքը հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Քամալա Հարիսի՝ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար հանրապետական և դեմոկրատ թեկնածուների սեպտեմբերի 10-ին կայանալիք հեռուստաբանավեճի կանոնները. խոսափող կունենա միայն խոսնակը, դահլիճում լսարան չի լինի։
«Կմիացվեն միայն այն թեկնածուի խոսափողները, որը պետք է խոսի, մյուս թեկնածուի խոսափողներն այդ ընթացքում կանջատվեն, միայն վարողները հնարավորություն կունենան հարցեր տալ», - 1lurer-ի փոխանցմամբ՝ ասվում է հեռուստաալիքի կայքում։
Նշվում է, որ յուրաքանչյուր թեկնածու կունենա երկու րոպե՝ վարողների հարցին պատասխանելու, ևս երկու րոպե՝ ընդդիմախոսի քննադատությանը, և մեկ լրացուցիչ րոպե՝ պարզաբանումների համար։ Թեկնածուներին չի թույլատրվելու բերել պատրաստի տեքստեր, սակայն նրանց կտրամադրվի թուղթ ու գրիչ՝ ընթացքում նշումներ անելու համար: Գովազդային ընդմիջումների ժամանակ էլ նախընտրական շտաբների ներկայացուցիչներին կարգելվի շփվել թեկնածուների հետ: