Կխթանվի ժամանակակից և նորարարական արվեստի ու ստեղծարար ոլորտի զարգացումը
Մշակույթի գործիչների համար խրախուսում տրամադրելու, ինչպես նաև ինքնազբաղ արվեստագետների համար բարենպաստ ստեղծագործական միջավայր ձևավորելու հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում:
Ըստ այդմ՝ առաջարկվում է պետբյուջեում վերաբաշխում իրականացնել և դրամական խրախուսում տրամադրել մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի 3 գործչի և 2 խմբի համար: Դրամական խրախուսումը նախատեսվում է հատկացնել «Ամերիկացին» հայկական ֆիլմի ստեղծագործական թիմին՝ Օսկարի մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ Ավինյոնի փառատոնին մասնակցելու և «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումը փառատոնի շրջանակում ցուցադրելու համար, ինչպես նաև 3 երիտասարդ բալերոնների՝ բալետային արվեստի լավագույն մրցույթ-փառատոներին մասնակցելու և մրցանակային տեղեր զբաղեցնելու համար։
Մասնավորապես՝ Ռազմիկ Մարուքյանին՝ «Արաբեսկ» մրցույթում 1-ին տեղը զբաղեցնելու համար, Գոռ Սարգսյանին և Ռաֆֆի Գալստյանին՝ «Դանսինգ Իտալի» պարի միջազգային մրցույթ-փառատոնում 1-ին մրցանակ ստանալու համար։ Հիմնավորման համաձայն՝ դրամական խրախուսման սահմանումը միտված է արժևորելու մշակույթի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները, բարձրացնելու գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը, նպաստելու մշակույթի գործիչների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, մշակույթի ոլորտներում պետական խրախուսման մեխանիզմների ներդրմանը։