Տիկնիզյանը պատրաստ է խաղալ Եվրոպայում, հիմա լավ տարիք է՝ քայլ առաջ անելու համար. Յուրա Մովսիսյան
«Կրասնոդարի», «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է «Լոկոմոտիվի» 25-ամյա ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի նկատմամբ «Սևիլիայի» հետաքրքրության մասին։
«Միանշանակ, Տիկնիզյանը պատրաստ է Լա լիգայի մակարդակին։ «Սևիլիայի» հետաքրքրությունը հուշում է, որ Նաիրը բարձր որակներ ունեցող ֆուտբոլիստ է։ Նրան անհրաժեշտ է` որքան հնարավոր է շուտ տեղափոխվել Եվրոպա։ Ֆուտբոլում բազմաթիվ օրինակներ կան, երբ շատ ֆուտբոլիստներ ավելի ուշ տարիքում են բացվում, բայց Տիկնիզյանն այժմ 25 տարեկան է։ Ես կասեի, որ նա դեռ երիտասարդ է և հիմա ճիշտ տարիքն է քայլ առաջ անելու համար։ Կարծում եմ, որ իր խաղային որակներով նա պատրաստ է խաղալ Եվրոպայում»,-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոն»։ Այս մրցաշրջանում Նաիրը բոլոր մրցաշարերում մասնակցել է 7 խաղի, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Տիկնիզյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 12 խաղ, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Տիկնիզյանի գործող պայմանագիրը երկաթուղայինների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։
Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Հայաստանի հավաքականի խաղացողի շուկայական արժեքը գնահատում է 6,5 մլն եվրո, փոխանցում է ArmSport-ը։