Դա ավելի շատ կատակ էր. Կարվախալը՝ Եվրո-2024-ի եզրափակչից հետո «Ջիբրալթարը իսպանական է» վանկարկումների մասին
Դանի Կարվախալը խոսել է Ալվարո Մորատայի և Ռոդրիի վանկարկումների մասին:
Այս ամառ Իսպանիայի հավաքականը հաղթել է Եվրոպայի առաջնությունում՝ եզրափակչում 2:1 հաշվով առավելության հասնելով Անգլիայի նկատմամբ։ Մադրիդի կենտրոնում հաղթական տոնակատարությունների ժամանակ Ռոդրին և Ալվարո Մորատան վանկարկել են «Ջիբրալթարը իսպանական է»։
Ջիբրալթարի ֆուտբոլային ասոցիացիան ավելի ուշ բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին տեղի ունեցածի կապակցությամբ: Միությունը հետաքննություն է սկսել, որի արդյունքում ֆուտբոլիստները որակազրկվել են ազգային հավաքականի 1 խաղով։
-Ի՞նչ կարծիքի եք Մորատայի և Ռոդրիի՝ Մադրիդում տոնակատարությունների ժամանակ Ջիբրալթարի մասին վանկարկությունների և դրա հետևանքների մասին:
-Շատ էին խոսում այդ մասին, բայց այդ պահին դա վիրավորելու կամ կոնֆլիկտ առաջացնելու միտում չուներ: Պարզապես Իսպանիան միշտ պայքարել է Անգլիայի հետ Ջիբրալթարի համար, որը գտնվում է Պիրենեյան թերակղզում, ու սա եզրափակիչ էր Անգլիայի դեմ։
Եզրափակչից առաջ արդեն մի փոքր արձագանք կար այս ամենին, իսկ երբ մենք հաղթեցինք, վանկարկումն ավելի շատ կատակ էր: Եթե որևէ մեկն իրեն վիրավորված է զգացել, ես ներողություն եմ խնդրում ամբողջ թիմի անունից, բայց, ճիշտն ասած, այդ պահին անգլիացիները չասացին, որ իրենց վիրավորել են, փոխանցում է ArmSport-ը։