Կարմիր գրքում գրանցված թռչնի ապօրինի որս․ գործը դատարանում է
Գրիգոր Մ․-ն 2022 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, իր կողմից վարվող ավտոմեքենայով, Գարիկ Մ․-ի հետ՝ վերջինիս շանը վարժեցնելու նպատակով գնացել են Գարիկ Մ․-ին պատկանող հողամաս։ Գրիգոր Մ․-ն նկատել է ՀՀ կենդանիների կարմիր գրքում «Խոցելի» տեսակ կարգավիճակով հաշվառված, որսն ամբողջությամբ արգելված «Եգիպտահավերի/Իբիսների/» ընտանիքի «Քաջահավ» Plegadis falcinellus Linnaeus, 1766 տեսակի թռչուն, որին իր մոտ առկա և իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակելու միջոցով կատարել է ապօրինի որս՝ պետությանը պատճառելով՝ 75.000 ՀՀ դրամ գույքային վնաս։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գրիգոր Մ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալը, որը կատարվել է՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ թռչնի նկատմամբ կամ հանգեցրել է կենդանու կամ թռչնի որոշակի տեսակի պոպուլյացիայի վերացման) հատկանիշներով։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: