Հանձնաժողովը քննարկել է ԱՊՀ շրջանակում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցմանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը
2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության նպատակն է ԱՊՀ իրավապայմանագրային հենքի գույքագրումը: Հարցը քննարկվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի նիստում:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ կողմերն արձանագրում են փաստաթղթի առաջին հավելվածում թվարկված պայմանագրերի դադարեցումը՝ դրանց գործողության ժամկետը լրանալու և հետագա պայմանագրեր կնքելու պատճառով: Արձանագրության երկրորդ հավելվածում թվարկված պայմանագրերն էլ դադարեցնում են իրենց գործողությունն այդ պայմանագրերի մասնակից պետությունների միջև հարաբերություններում արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից: Հիմնական կարգավորումները ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի կողմից:
Հարակից զեկուցող, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փաստաթղթին: