Ինձ համար անհնար է չեզոք կարգավիճակ ստանալ․ սուսերամարտիկ Յանա Եգորյան
Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը հայտնել է, որ չի կարող ստանալ չեզոք կարգավիճակ միջազգային մրցումներում մասնակցելու համար:
«Այս պահին արձակուրդում եմ, զբաղվում եմ իմ գործերով: Դեռ չեմ կարող 100 տոկոսով ասել, թե ինչ ֆորմատով կանցնի հաջորդ մրցաշրջանը: Շատերը կստանան չեզոք կարգավիճակ և կգնան միջազգային մրցումների:
Ես, ցավոք, այդ պատմությունից զրկված եմ տարբեր պատճառներով, չեզոք կարգավիճակ ստանալն ինձ համար անհնար է: Ամեն դեպքում, հեռանալ չեմ պատրաստվում:
Երկու շաբաթից կուղևորվեմ Կիսլովոդսկ, որտեղ կանցկացնեմ առաջին մարզական հավաքս, կպահպանեմ մարզավիճակս ու կմասնակցեմ այն մրցաշարերին, որտեղ մեզ սպասում են: Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Եգորյանի խոսքերը «Матч ТВ»-ն: