Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, փորձում են դադարեցնե՞լ լիազորությունները
Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում է, այս անգամ՝ թիրախում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանն է։ ՀՀ արդարադատության նախարարությունը կրկին կարգապահական վարույթ է հարուցել Վահե Միսակյանի նկատմամբ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ Վազգեն Մանուկյանի գործով իբրև դատավարական ժամկետների խախտման պատճառաբանությամբ։
ՀՀ ԱՆ-ն արդեն իսկ միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ ԲԴԽ կայքից տեղեկանում ենք, որ միջնորդության քննությունը նախատեսված է սեպտեմբերի 17-ին։
Նշենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 4-ի որոշմամբ դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն է հայտարարել, որի «մարման» ժամկետը երկու տարի է, հետևաբար, չի բացառվում, որ խնդիր է դրված դատավորի լիազորությունները դադարեցնելու։
Հիշեցնենք, որ դատավոր Վահե Միսակյանի վարույթում են գտնվել մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործը, որով դատավորը արդարացման դատական ակտ է կայացրել։