Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 3-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Շվեդիայի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ կողմից տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարունակականությանը։
Քննարկվել են հայ-շվեդական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ներդրումների խթանմանը, տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարը կարևորել է շվեդական IKEA ընկերության ներկայությունը հայկական շուկայում, ինչպես նաև տեղեկացրել ներկայումս իրականացվող ծրագրերի մասին և հրավիրել շվեդական ընկերություններին մասնակցելու դրանց իրականացման գործընթացում։
Գևորգ Պապոյանն ընդգծել է նաև Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (SIDA) հետ հաստատված արժեքավոր գործընկերությունը և դրա զգալի ազդեցությունը Հայաստանի կայուն տնտեսական զարգացման վրա։
«Մենք ակտիվորեն դիվերսիֆիկացնում ենք մեր արտահանման շուկաները, և հուսով ենք, որ շուտով ձեր երկրում կտեսնենք հայկական ագրոպարենային ապրանքներ, ինչպիսիք են գինին, մեղրը, թեյը, ինչպես նաև տեքստիլը»,- նշել է նախարարը:
Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու հայ-շվեդական առևտրատնտեսական փոխգործակցությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։