Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական hամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, հերթական անգամ պայմանավորվածությունների չկատարման համար մեղադրել հայկական կողմին: «Եթե Հայաստանի իշխանություններն, առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, ապա, ի սեր Աստծո, թող դա անեն»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան անհանգստացած է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերը թուլացել են: Լավրովը նաև նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդակցի այս գործընթացի մասնակիցների հետ, սակայն դա տեղի չի ունենում։ «Ոչ, նրանք չեն ցանկանում և միևնույն ժամանակ անընդհատ ձգտում են ներգրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, դա իրենց ընտրությունն է, բայց անհրաժեշտ է բանակցել, առաջին հերթին, ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, «բոլոր տարբերություններով և հակասություններով հանդերձ», Ռուսաստանը և նրա գործընկերները «հասկանում են, թե ով ինչի համար և հանուն ինչի է հանդես գալիս»: