«Պատը պետությունն է կառուցել, ծառերը մենք կտնկենք, որ երեխաներն անվտանգ լինեն». Փաշինյանը գնում է Կիրանց
Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ Կիրանցում միաժամանակ այսօր նորակառույց դպրոցի հանդիսավոր արարողությունն է, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ MediaHub-ի հետ զրույցում դպրոցի տնօրենն ասաց, որ նոր ուսումնականը լավ տրամադրությամբ է մեկնարկել սահմանամերձ Կիրանցում։
«Ասում են, որ Փաշինյանն էլ է գալիս, չգիտեմ՝ որքանով է ճիշտ։ Աշակերտները լավ տրամադրությամբ են եկել դասի։ Նորակառույց դպրոցը հրաշալի պայմաններ ունի, լուսավոր ու կահավորված է»,- ասաց Վոլոդյա Բաբինյանը, ապա հավելեց, որ հարմար չէ շարունակել զրույցը։
Կիրանցում արդեն պատրաստություն են տեսնում դիմավորելու Նիկոլ Փաշինյանին և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներին։
«Գալիս են դպրոցի բացումը կատարելու։ Էն դպրոցի, որ հիմա դարձել է հայ-ադրբեջանական սահմանագիծը։ Այո՛, երեխաներն ուրախ են, որ հաճախում են դպրոց, ծնողները ուրախ չեն, որ անվտանգությունը հարցականի տակ է, դպրոցը սահմանից 40 մետր հեռավորության վրա է։ Պատը պետությունն է կառուցել, ծառերն էլ մենք ենք տնկելու, որ երեխաներն անվտանգ լինեն»,- ասաց Կիրանցի բնակիչը։
Մեկ այլ բնակիչ MediaHub-ին ասաց. «Նախորդ այցերի պես ռայոնից իր մարդկանց իր հետ կբերի, կտանի, հետո կգրեն՝ «Կիրանցում ջերմ ընդունելություն է եղել»։ Չնայած, կարող ա և ջերմ ընդունեն, ես չեմ մասնակցելու, ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ»։