Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունն անցնում է առանց ԵԽԽՎ դիտորդների
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրությունը։ Նախագահ Իլհամ Ալիևը ցրել է խորհրդարանը և արտահերթ ընտրություն նշանակել սեպտեմբերին՝ նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին նախապատրաստվելու նպատակով:
Առաջին անգամ ընտրությունն անցկացվում է առանց ԵԽԽՎ դիտորդների և մամուլի, իշխանությունների քննադատների նկատմամբ ռեկորդային ռեպրեսիաների ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ին։ Քվեարկությունը տեղի է ունենում 125 ընտրատարածքում` ժամը 8:00-19:00-ն: 125 տեղի համար պայքարում է 990 թեկնածու։ Իլհամ Ալիևը, նրա ընտանիքի անդամները և երկրի բարձրաստիճան ղեկավարներն արդեն քվեարկել են։ Ըստ Ադրբեջանի ԿԸՀ տվյալի` ժամը 15։00 դրությամբ քվեարկել է ընտրողների 29,49%-ը կամ 1893555 քաղաքացի։
Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունը՝ մատնանշելով բազմաթիվ կեղծիքներն ու իրական մրցակցության բացակայությունը և երկրում ռեկորդային թվով քաղբանտարկյալների առկայությունը։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են բազմաթիվ խախտումների մասին՝ քվեաթերթիկների կարուսել, թեկնածուների և լրագրողների աշխատանքի խոչընդոտում, քաշքշուկ և այլն։ Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդն ասել է, որ ընտրական ինստիտուտը ոչնչացված է, իսկ ներկայիս իշխանությունն օգտագործում է իր դիրքը բռնաճնշումների համար։