Բաքուն Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն չի տեսնում․ Հաջիև
Ադրբեջանը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության՝ սահմանին գործունեությունը շարունակելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հաջիևը հայտարարել է` հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը ընթանում է խաղաղության, փոխըմբռնման պայմաններում, կարիք չկա, որ ԵՄ սահմանային առաքելությունը գործի ադրբեջանական սահմանի մոտ և հայկական կողմից, և ժամանակն է դադարեցնել այդ առաքելության գործունեությունը:
Նա հիշեցրել է, որ Բաքուն և Երևանը համաձայնեցրել են պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, ըստ որի ստեղծվում են սահմանազատման գործընթացի իրականացման հիմքն ու շրջանակները՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը զուտ երկկողմ բնույթ է կրում։