Չի կարելի վիրավորանքի, հեգնանքի լեզվով խոսել այլ երկրների, մանավանդ ՌԴ–ի նման երկրի մասին. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շփվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ռուսաստանի կառավարության ղեկավարի հետ, այդ շփումներում աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է:
Այս մասին ասուլիսում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքագիտական շրջանակներից հնչող այն տեսակետին, թե որքան մոտենում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պահը, Ռուսաստանն այնքան ավելի է ջղաձգվում:
Վարչապետը նախ ընդգծեց, որ ճիշտ չի համարում գործընկեր երկրի մասին այդ բառապաշարով խոսելը:
«Ես շփվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, կառավարության ղեկավարի հետ: Եվ մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է: Եվ ես ընդհանրապես չեմ ընդունում այդ բառապաշարը, որովհետև դա ճիշտ բառապաշար չէ, պետական բառապաշար չէ: Չի կարելի վիրավորանքի, հեգնանքի լեզվով խոսել այլ երկրների մասին, մանավանդ Ռուսաստանի Դաշնության նման երկրի մասին: Կարելի է ունենալ խնդիրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որևէ երկրի հետ, սխալ է: Եթե մենք այդ սխալները գործել ենք, մեր սխալները պետք է ինքներս ուղղենք, ոչ թե ուրիշների, այլ մեզ համար, որովհետև պետությունը մտածողության լրիվ ուրիշ հարթություն է: Եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության այդ հարթություն և ամրանանք այդ հարթությունում»,–ասաց Փաշինյանը: