Փաշինյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ է անում չարտագաղթել և դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, որպեսզի նրանք չարտագաղթեն Հայաստանից և դիմեն քաղաքացիություն ստանալու համար։
Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետն այս մասին ասաց՝ խոսելով Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մարդկանց անձնագրային խնդիրների վերաբերյալ հարցի մասին։
«Ուզում եմ հիշեցնել, որ մեր կոչն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին և եղբայրներին, որ նրանք դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար», - ասաց վարչապետը՝ շեշտելով, որ Կառավարությունը ցանկանում է, որ ԼՂ-ից Հայաստան եկած ժողովուրդը չարտագաղթի։
Փաշինյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է անդրադառնալ ընդհանրապես արտագաղթին՝ որպես մեկ այլ երևույթի։ Նրա խոսքով արտագաղթողների մի հսկայական մասն այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում, որովհետև խաղաղություն չկա։
«Խաղաղության օրակարգը նաև դրա համար է։ Այն, ինչ որ ես իմ նախնական խոսքում ասացի, նաև դրա համար է։ Դա պետության հայեցակարգային շատ կարևոր ընտրանքի մեջ է։ Սա ֆորպո՞ստ է, թե մի երկիր, որը պետք է հնարավոր դարձնի իր քաղաքացիների կյանքն իր ինքնիշխան տարածքում։ Մենք երկրորդ հայեցակարգն ենք որդեգրել։ Մենք այդքան խելոք չէինք, որ մինչև ցնցումներն այդ գիծը որդեգրեինք, մինչև 2018 թվականը մենք՝ որպես պետություն, վաղուց անցած ենք եղել «անդառնալիության կետը», - ասաց վարչապետը։