Հայաստանը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ ռազմական ճանապարհով ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր չի դնում. վարչապետ
Հայաստանի Հանրապետության 29․743 քառակուսի կմ տարածքը Կառավարության համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից Երևանը խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնել ինքնիշխանությունն Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների նկատմամբ։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող այն քննադատություններին, որ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կմ օկուպացված է, և ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները հետ վերադարձնելու համար։ Փաշինյանը շեշտեց, որ այդ տարածքները, ՀՀ-ի 29․743 քառակուսի կմ տարածքը Կառավարության համար ընդհանրապես սակարկության ենթակա չէ։
«Մյուս կողմից, մենք այսօր, վաղը կամ մյուս օրը ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնել։ Ինչո՞ւ, որովհետև համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և այն սկզբունքները, որոնք արդեն որդեգրված են, հնարավորություն են տալիս, որպեսզի մենք խաղաղ, բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցային ճանապարհով լուծենք», - ասաց վարչապետ Փաշինյանն՝ ընդգծելով, որ ՀՀ-ը որևէ ագրեսիվ նպատակ չունի։