Փաշինյանն անդրադարձել է ԼՂ բնակիչների վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ իրատեսական և ՀՀ պետական շահերին հակասող է համարում ԼՂ-ի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու վերաբերյալ ԼՂ մի խումբ հայրենակիցների, նախկին պաշտոնյաների կողմից հնչող ձևակերպումները և դրանց բովանդակությունը։
Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ-ը վախենում խոսել ԼՂ բնակիչների վերադարձի մասին։
«Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել։ Ընդհակառակը, ԼՂ-ում այդ որոշումն ընդունելուց առաջ տեղի է ունեցել իշխանափոխություն, որը քաջալերվել և ողջունվել է ՀՀ-ում գործող բոլորիս հայտնի շրջանակների կողմից», - ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքին՝ վարչապետը նշեց, որ այն ընկալումներով ու ձևակերպումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրենակիցներ, նախկին պաշտոնյաներ փորձում են ձևակերպել այդ հարցը, նա այն իրատեսական չի համարում։
«Ուզում եմ մի դրվագ պատմել, որը մի քանի ամիս առաջ էր: Աշխատանքային այցով Վայքում էի, ԼՂ-ից բռնի տեղահանված մի կին ինձ մոտեցավ և հարց տվեց, ասաց՝ անկեղծ ասեք, ինչքանո՞վ է իրատեսական վերադարձի հարցը: Ես նորից նույն պատասխանը տվեցի՝ ասելով, որ այն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը ներկայացնել և փաթեթավորել, ես դա իրատեսական չեմ համարում և ես ձեզ չեմ կարող խաբել: Այն նույն պատճառներով, որ պատճառներով այդ նույն մարդիկ ստորագրեցին ԼՂ լուծարման մասին հրամանագիրը և րոպե առաջ լքեցին ԼՂ-ը», - ասաց Փաշինյանը՝ խնդրելով ներկաներին մի պահ վերադառնալ 2023 թվականի իրադարձություններին:
Նա հիշեցրեց, որ 2023-ի սեպտեմբերին սոցցանցերում, մամուլում, ընդդիմության ներկայացուցիչների կողմից կար մեղադրանք, որ ինքը թույլ չի տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը դուրս գա ԼՂ-ից։
«Հիմա էլ մի տարի հետո ինձ ասում են, որ թույլ չեմ տալիս, որ ԼՂ-ի ժողովուրդը վերադառնա ԼՂ։ Այն փաթեթավորումը, այն բովանդակությունը, որը ներկայացվում է, իմ համոզմամբ, հակասում է ՀՀ պետական շահերին: ՀՀ պետական շահը ես չափում եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներով և իրավազորությամբ: Մենք սա ուղիղ պետք է ասենք», - ասաց վարչապետը՝ նկատելով, որ այս թեմային անդրադարձել է բազմիցս:
Նա շատ կարևորեց, որ հենց հասարակությունը վերագնահատի իր անցած ճանապարհը։
«Ես մեր ճանապարհը վերագնահատելով՝ ասել եմ Ազգային ժողովի ամբիոնից, որ ինձ համար ակնհայտ է, որ 1996 թվականին Լիսաբոնի գագաթաժողովից հետո ԼՂ-ի հարցը չի եղել ԼՂ-ի հարց, եղել է ՀՀ-ի հարց, Հայաստանի պետականությունը զրոյացնելու հարց, և ժամանակի մեջ ես ավելի եմ դրանում համոզվում: Այն բովանդակությունը, որով փորձ է արվում ներկայացնել այդ խնդիրը, հակասում է ՀՀ պետական շահերին», - եզրափակեց Փաշինյանը: