Կոստանյանն ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ հանդիպմանն ընդգծել է համագործակցության ընդլայնման կարևորությունը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Սանկար Դատտային` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով Սիդարթա Սանկար Դատտային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Վահան Կոստանյանն ընդգծել է ԱՀԿ-ի հետ համագործակցության ամրապնդման և ընդլայնման կարևորությունը՝ ուղղված Հայաստանում առողջապահության որակի և ներառականության բարձրացմանը:
Այս համատեքստում Վահան Կոստանյանը բարձր է գնահատել ԱՀԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների առողջապահական կարիքների ու Հայաստանի հյուսիսային մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների խնդիրների հասցեագրմանն ուղղված օպերատիվ արձագանքը, ինչպես նաև կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերումը ՀՀ առողջապահության նախարարությանը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։