Ճապոնիայում թայֆունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Ճապոնիայում մոլեգնող «Շանշան» թայֆունի զոհերի թիվը հասել է չորսի, ևս 96 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հաղորդում է The Japan Times-ը:
Երեք մարդ է զոհվել Ճապոնիայի կենտրոնական Այտի պրեֆեկտուրայում հորդառատ անձրևների առաջացրած սողանքի պատճառով։ Սիկոկու կղզու Տոկուսիմա պրեֆեկտուրայի բնակիչներից մեկը զոհվել է տան տանիքի փլուզման հետևանքով։
Օգոստոսի 30-ին Կյուսյու կղզում ավելի քան 100 000 տուն մնում է առանց էլեկտրականության։
Լույս օգոստոսի 30-ի գիշերը «Շանշան»-ը մոլեգնել է Կյուսյու կղզում։ Աղետի գոտում քամու պոռթկումների արագությունը ժամում հասել է 108 կմ-ի։ Վերջին երեք օրվա ընթացքում կղզու Միյաձակի պրեֆեկտուրայում գրանցվել են գրեթե 90 սմ տեղումներ, ինչը 1,5 անգամ ավելի է, քան տեղումների նորման օգոստոսին։
Միևնույն ժամանակ, «Շանշան»-ը ներկայում կորցրել է իր ուժի մի մասը և այժմ դասակարգվում է որպես արևադարձային փոթորիկ:
Ճապոնիայի օդերևութաբանները երկրի բնակչությանը զգուշացնում են հանգստյան օրերին տեղատարափների և քամու ուժեղ պոռթկումների վտանգի մասին։
Ավելի վաղ հաղորդվել էր մի քանի պրեֆեկտուրաների միջև արագընթաց գնացքների երթևեկության սահմանափակման և հարյուրավոր ավիաչվերթերի չեղարկման մասին։