Ղազախստանի բանկերը հրաժարվում են ռուսական փոխանցումային համակարգերից
Ղազախստանի մի քանի խոշոր բանկեր կասեցրել են Золотая корона-ի միջոցով փոխանցումները։ Վճարային գործարքները դադարեցրել են մասնավորապես, ղազախական Halyk Bank-ը, Bank RBK-ն և Eurasian Bank-ը։ Այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Բոլոր ֆինանսական հաստատությունները հայտնել են, որ վճարային համակարգի հետ աշխատանքը դադարեցվել է «տեխնիկական պատճառներով»։
SWIFT-ից Ռուսաստանն անջատելուց և Visa և Mastercard վճարային համակարգերի հեռանալուց հետո ռուսաստանցիները արտասահմանից գումար դուրս բերելու և արտերկրից միջոցներ ստանալու համար օգտագործում են Золотая корона վճարային ծառայությունը:
Օգոստոսի 23-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը արգելափակող պատժամիջոցներ է սահմանել Золотая корона-ի մշակողի՝ «Ֆինանսական տեխնոլոգիաների կենտրոն» (CFT) ՏՏ ընկերության դեմ: Այժմ ԱՄՆ-ում գրանցված իրավաբանական անձինք չեն կարողանա շփվել ընկերության հետ, իսկ CFT-ն կկորցնի դոլարով վճարումներ կատարելու հնարավորությունը։
Ավելի վաղ Ուկրաինայում պատերազմի պատճառով ԱՄՆ-ի արգելափակող պատժամիջոցների տակ էր հայտնվել նաև Юнистрим ծառայությունը, որն օգնում էր իր ռուսաստանցի հաճախորդներին գումար դուրս բերել արտասահման: