Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Ուրուգվայից ժամանած պատվիրակության հետ. անդրադարձել են ռազմագերիների խնդրին
Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Ուրուգվայ բարեկամական խմբի ղեկավար՝ այսօր ընդունել եմ Ուրուգվայից ժամանած պատվիրակությանը: Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Օգոստոսի 29-ին հանդիպելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանիի հետ՝ նախ շնորհակալություն եմ հայտնել Ուրուգվայի գործադիր եւ օրենսդիր մարմիններին՝ Հայաստանի համար շատ զգայուն հարցերում մշտապես օբյեկտիվ գնահատականի եւ վերաբերմունքի համար։
Բարձր գնահատելով տասնամյակների պատմություն ունեցող հայ-ուրուգվայական բարեկամական հարաբերությունները՝ կարեւորել եմ Ուրուգվայում հայ համայնքի դերակատարությունը, որը կարող է լրացուցիչ կամուրջ եւ խթան հանդիսանալ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան եւ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, հայկական արմատներով Պեդրո Խիսդոնյանին կարեւորել են հայ համայնքի դերակատարությունն Ուրուգվայի հասարակական-քաղաքական կյանքում, ընդգծել նրա միասնականությունը, դրական գնահատել երկու երկրներում դեսպանությունների բացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտմանը և Բաքվի բանտերում պահվող տասնյակ հայ ռազմագերիների խնդրին և Հայաստանի ինքնիշխան տարածքներում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցին»,- սոցցանցի իր էջում գրել է Իշխան Սաղաթելյանը։