Պավել Դուրովին տեղափոխել են Փարիզի դատարան
Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովին տարել են Փարիզի դատարան, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro թերթը և Reuters լրատվական գործակալությունը: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրանում է Դուրովի երկարացված կալանքի ժամկետը։
Դատավորը պետք է որոշում կայացնի Դուրովի նկատմամբ պաշտոնական մեղադրանք ներկայացնելու մասին։ «Ֆրանսիայում պաշտոնական հետաքննություն սկսելը չի նշանակում մեղավորություն, և պարտադիր չէ, որ այն հանգեցնի դատավարության, սակայն դա ցույց է տալիս, որ, դատավորի կարծիքով, գործում բավարար հիմքեր կան հետաքննությունը շարունակելու համար»,- ասվում է Reuters-ի հրապարակման մեջ:
Փարիզի դատախազի խոսքով՝ Դուրովին կասկածում են Telegram հարթակի կառավարման հարցում անգործության համար՝ կապված դրա միջոցով իրականացվող ֆինանսական և կիբեռհանցագործությունների հետ: Նախնական տվյալներով՝ քննվում է 12 ենթադրյալ հանցագործություն, այդ թվում՝ իրավապահ մարմինների հետ տեղեկատվության փոխանակումից հրաժարվելը, ինչպես նաև մասնակցությունը անչափահասների հետ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի պահպանմանը, թմրանյութերի տարածմանը, հաքերային հարձակումներին և խարդախությանը: