ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը. Սալիվան
ԱՄՆ-ը չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին։ Այդ մասին Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, հայտնում է Չինաստանի ԱԳՆ կայքը։
«Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է «մեկ Չինաստան» քաղաքականությանը և չի աջակցում «Թայվանի անկախություն», «երկու Չինաստան» կամ «մեկ Չինաստան, մեկ Թայվան» սկզբունքներին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հավելյալ ընդգծվում է, որ երկու կողմերն էլ ձգտում են խաղաղ գոյակցության և չեն ցանկանում թույլ տալ հարաբերությունների սրացում։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Սալիվանի փորձերը՝ Չինաստան այցի ընթացքում համոզել Պեկինին նվազեցնելու աջակցությունը Ռուսաստանին, հավանաբար հաջողությամբ չեն պսակվի: Պարբերականի կարծիքով՝ Պեկինի՝ Մոսկվայից հրաժարվելը «քիչ հավանական սցենար է, քանի որ այդ երկրները համաշխարհային ասպարեզում միասին հակադրվում են Վաշինգտոնին»: