Գազայում իսրայելական հարվածներից 1 օրում շուրջ 60 մարդ է զոհվել. զոհերի թիվը գերազանցել է 40 500-ը
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել, 131-ը` վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել է անկլավի առողջապահության նախարարությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական օկուպացիան Գազայի հատվածում ընտանիքների չորս զանգվածային սպանություն է իրականացրել, հիվանդանոց են տարել 58 զոհվածի և 131 տուժածի», - ասվում է Գազայի հատվածի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Գազայի հատվածին հասցված իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 40 534-ի, վիրավորվել է ավելի քան 93 700 մարդ։
Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ։ Շուրջ 250 մարդ գերեվարվել էր. նրանց մի մասը վերադարձվել է նոյեմբերի վերջին հաստատված 1-շաբաթյա հրադադարի ժամանակ։