Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ է հրավիրել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի խնդրանքով հրավիրել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին և նվիրված կլինի ռազմաճակատում տիրող իրավիճակին ու Ուկրաինայի կարևորագույն ռազմական կարիքներին։
Խորհրդակցությունները կանցկացվեն դեսպանների մակարդակով։ ՆԱՏՕ-ի նիստի գումարման պատճառը վերջերս ռուսական բանակի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա զանգվածային հարձակումների ակտիվացումն է։
ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը կկայանա վերջին օրերին Կիևին մատակարարվող արևմտյան զինատեսակներով Ռուսաստանի տարածքին հարվածելու արգելքը վերացնելու շուրջ ակտիվ քննարկումների ֆոնին՝ գրում է DW-ն։ Դաշինքի ներկայացուցիչ Ֆարահ Դահլալլան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Կիևին արդեն տրամադրել են հակաօդային պաշտպանության լայնածավալ աջակցություն և հավատարիմ են Ուկրաինայի պաշտպանության հետագա ամրապնդմանը: