Համագործակցել է «Տելեգրամ» հավելվածի օգտատիրոջ հետ և ապօրինի կերպով թմրամիջոց իրացրել․ 43-ամյա անձ է կալանավորվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով թմրամիջոցի՝ առցանց հարթակների օգտագործմամբ ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել, հայտնում են ՔԿ-ից։
«2024 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի 43-ամյա վարորդը, ի պատասխան ոստիկանների՝ արգելված իրեր և առարկաներ պահելու վերաբերյալ բանավոր հարցմանը, պատասխանել է, որ ավտոմեքենայում թմրանյութի փաթեթներ կան: Վերջինս տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձը, հանցանք կատարած լինելու հիմքով, ձերբակալվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։