Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության մերժվել է
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության՝ մերժվել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանը օգոստոսի 27-ին գրավոր ընթացակարգով քննելով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության՝ մերժել է այն»,–հայտնեցին նախարարությունից։
Նշենք, որ Առուշ Առուշանյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով, որ պրոբացիայի ծառայության գործողությունները իրավաչափ չեն։
Հիշեցնենք, որ պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիս համայնքի ավագանուն՝ տեղեկացնելով, որ համայնքի ղեկավարը պետք է պաշտոնանկ արվի։ Ավագանու նիստի մասնակից 14 անդամները միաձայն արձանագրել են, որ գրության պահանջն ավագանու գործառույթներից դուրս է, առկա է այդ գործընթացը ավագանու կողմից կազմակերպելու անհնարինության վիճակ։