Այս ցավալի ազդակը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում. ԵԽԽՎ նախագահ
ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի տասնյակ անդամներ «անցանկալի անձ» կհայտարարվեն երկրում:
«Սա ավելի քան ցավալի ազդակ է, որը միայն բարդացնում է Ադրբեջանի ներկայիս վիճակը Եվրոպայի խորհրդում։ Անդամ պետությունները պարտավորվել են պահպանել ժողովրդավարության չափանիշները։ «Սև ցուցակներում» ընդգրկելը նրանց, ովքեր քվեարկել են իրենց խղճի համաձայն, կարող է միայն հակառակ ազդեցություն ունենալ»,- նշել է ԵԽԽՎ նախագահը։
Ավելի վաղ Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ 76 պատգամավորի մուտքը երկիր: Բաքուն բացատրել է, որ այդ պատգամավորները Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում կողմ են քվեարկել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները սահմանափակելու օգտին։