Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին
Ռուսաստանը երկրորդ գիշերն անընդմեջ զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառմամբ։
Կրիվոյ Ռոգում «Ավրորա» հյուրանոցի շենքի հրթիռակոծության հետևանքով երկու մարդ է զոհվել՝ հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Սիտնիչենկոն։
Գիշերային հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել Զապորոժիեում, ևս հինգը վիրավորվել է՝ հայտնել է Զապորոժիեի նահանգապետ Իվան Ֆյոդորովը: Նշվում է, որ ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով յոթ հարված է հասցրել Զապորոժիեի շրջանի տարածքներին։ Ֆյոդորովի խոսքով՝ պայթյունի ալիքից և բեկորներից վնասվել են տներ։ Նա տեղեկացրել է, որ մեկ օրում ռուսական զորքերը 208 հարված են հասցրել Զապորոժիեի մարզի 14 բնակավայրի ուղղությամբ:
ՀՕՊ-ի աշխատանքի և պայթյունների մասին հաղորդումներ են ստացվել Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Խմելնիցկու և այլ շրջաններից:
Ուկրաինայի ՆԳՆ-ից էլ հայտնել են, որ օգոստոսի 26-ին Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, տուժել է 47 մարդ։ Երեկ առավոտյան Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 հրթիռ և մոտ 100 հարվածային անօդաչու թռչող սարք: