ՀՀ Ազգային ժողովը իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովը ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի հետ համատեղ իրականացնում է նոր՝ «Երիտասարդական խորհրդարան» պիլոտային ծրագիրը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
«Օգոստոսի 26-ին մեկնարկած ծրագրին մասնակցում են 2022 եւ 2023 թվականների «Ամառային դպրոցի» շրջանավարտները:
«Այս պիլոտային ծրագիրը հնարավորություն է տալիս ձեւավորել համագործակցության մի նոր հարթակ, որտեղ Ազգային ժողովի աշխատակազմի մասնագետներն ու միջազգային գործընկերները շրջանավարտներին կսովորեցնեն այն բոլոր մեխանիզմները եւ գործիքները, որոնք կապված են օրինաստեղծ գործունեության հետ»,- նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը:
Այս ծրագիրը նաեւ խորհրդարանական գործունեության զարգացման հարցում երիտասարդների ներգրավվածության կարեւոր հարթակ է, որը միտված է բարձրացնելու իրազեկվածության մակարդակը երիտասարդների շրջանում:
ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, կարեւորելով իրականացվող ծրագիրը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա երիտասարդներին ձեւավորել առաջարկներ եւ դրանք դարձնել օրենսդրական նախաձեռնություններ:
«Նախաձեռնությունը նպատակ ունի երիտասարդների ձայնը լսելի դարձնել, իսկ հաջողության դեպքում կլինի ԱԺ եւս մեկ գործիք»,- կարծում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի համակարգող Ռուզաննա Հայրապետյանը:
«Երիտասարդական խորհրդարան» ծրագրի շրջանակում ձեւավորվել են 3՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ, որոնցում ընդգրկվել են մասնակիցներ՝ ըստ իրենց հետաքրքրության շրջանակների: Երիտասարդները մասնակցել են նիստի մոդելավորմանը, ծանոթացել հանձնաժողովների գործառույթներին: Հանձնաժողովներում ընթացել է նաեւ հանձնաժողովի անդամների կողմից առաջադրված թեմաների քննարկում»,-ասված է հաղորդագրության մեջ: