9 մլն 541 հազար դրամ եկամուտ, անշարժ գույք. ի՞նչ է հայտարարագրել վարչապետի օգնական Կարինե Դավոյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանը պաշտոնին նշանակվել է 2023 թվականի հունվարի 23-ից, սակայն մինչեւ տվյալ նշանակումը Դավոյանը 1993-1994 թվականներին եղել է Fund for Democracy and Development U.S.A. ժողովրդավարության եւ զարգացման հիմնադրամի Երեւանի գրասենյակի՝ ամերիկյան կառավարության հումանիտար աջակցության շրջանակում իրականացված Winter-Warmth ծրագրի ավագ թարգմանիչ, այնուհետեւ 1994-1995 թվականներին աշխատել է TRADEMCO LTD Հունաստանի խորհրդատվական կազմակերպությունում՝ որպես ԵԽ TACIS ծրագրի Governmental Advice to the Railway Department and Management Training, Armenia ծրագրի հայաստանյան համակարգող, թարգմանիչ. ծրագրի շրջանակում երկու ամիս աշխատել է Աթենքի գրասենյակում:
1993-1995 թվականների զբաղեցրել է Olympia, Inc. (U.S.A.)-ի, Հայաստանի ներկայացուցչության տնօրենի պաշտոնը:
Նույն՝ 1995-ից մինչեւ 1997 թվականները Դավոյանը ՀՀ-ում Հունաստանի դեսպանի թարգմանիչն է եղել:
2001-ից 2008 թվականներին նա նաեւ զբաղվել է դասավանդմամբ. Մոսկվայի պետական տուրիզմի եւ սերվիսի համալսարանի Երեւանի մասնաճյուղի ավագ դասախոս է եղել, դասավանդել է անգլերեն, «Մարդու պահանջմունքներ եւ կապ հասարակայնության հետ» (PR) առարկաները:
Կարինե Դավոյանը 2013-2018 թվականներիին եղել է Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության գործադիր տնօրեն, այնուհետեւ 2018-2019 թվականներին Հայաստանի տուր օպերատորների եւ տուր գործակալների ասոցիացիայի հիմնադիր, իսկ 2019-ից մինչեւ 2023 թվականները՝ «Ալիք մեդիա Հայաստան»-ի միջազգային լուրերի թարգմանիչ:
Վարչապետի օգնականը իր անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի ապրիլի 25-ին, որից տեղեկանում ենք, որ նա հաշվետու տարվա սկզբում Երեւանում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան շենքում, որը եղել է ժառանգություն 2015 թվականից: Հաշվետու տարվա վերջում անշարժ գույքը պահպանվել է: Դավոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել: Նրա բանկային հաշիվների մնացորդը հաշվետու տարվա սկզբում զրոյական վիճակում է եղել, սակայն հաշվետու տարվա վերջում դարձել է 1 մլն 427 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Կարինե Դավոյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 9 մլն 541 հազար դրամ, որից 8 մլն 972 հազար դրամը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձն է, իսկ 568 հազար դրամը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից ստացած կենսաթոշակը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։