Պարեկներին տեսնելով՝ գրպանից նետել էր թմրանյութը
Օգոստոսի 23-ին, ժամը 20-ին, Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են որպես տաքսի շահագործվող «Օպել» մակնիշի մեքենան: Ուղևորներից մեկը տաբատի գրպանից նետել է թղթե փաթեթ և կաթուցիչի նմանվող առարկա:
Գյումրեցի 36-ամյա վարորդն ու վանաձորցի 21-ամյա և երևանցի 51-ամյա ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ 51-ամյա տղամարդը հայտնել է, որ իր նետած փաթեթում և կաթուցիչի մեջ մարիխուանա թմրամիջոց էր:
Անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի և 51-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են «Այֆոն 12» և «Սամսունգ Ջի 3» մոդելի բջջային հեռախոսներ:
Կազմված փաստաթղթերը և երեք ձերբակալվածները ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: