Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Երուսաղեմի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը վերահաստատել է Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան ստատուս քվոյի անձեռնմխելիությունը, երբ երկրի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը խոսել է այնտեղ սինագոգ կառուցելու հնարավորության մասին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Բեն-Գվիրի մարտահրավերը Տաճարի լեռան ստատուս քվոյին անվանել է «վտանգավոր, անհարկի և անպատասխանատու» արարք: «Բեն-Գվիրի գործողությունները վտանգում են Իսրայելի Պետության ազգային անվտանգությունը և նրա միջազգային կարգավիճակը»,- գրել է պաշտպանության նախարարության ղեկավարը X-ում:
Ավելի վաղ Բեն Գվիրն իսրայելական բանակի Galei IDF ռադիոկայանի եթերում ասել էր, որ «եթե կարողանար անել այն, ինչ ուզում է, վաղուց իսրայելական դրոշը կտեղադրեր Տաճարի լեռան վրա և սինագոգ կկառուցեր այնտեղ»։
Համաձայն ստատուս քվոյի՝ Տաճարի լեռան վրա աղոթելու իրավունք ունեն միայն մուսուլմանները, իսկ հրեաները կարող են միայն այցելել համալիր՝ առանց այնտեղ կրոնական արարողություններ կատարելու։