Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների` Կահիրեում անցկացվող փուլն ավարտվել է առանց արդյունքի
Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունեցել Կահիրեում, արդյունքներ չի տվել, սակայն գործընթացը շարունակվելու է: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի:
Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ Կահիրեում բանակցությունները «եղել են կառուցողական և անցկացվել են վերջնական ու իրագործելի համաձայնագրի հասնելու ոգով, և բոլոր կողմերը կիսել են այդ կարծիքը»:
Նրա խոսքով՝ «գործընթացն առաջիկա օրերին կշարունակվի աշխատանքային խմբերի շրջանակներում՝ մնացած հարցերն ու մանրամասները հետագայում քննարկելու համար»։
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Կանադայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս «բուռն կերպով» Կահիրեում աշխատում է Եգիպտոսի ու Կատարի միջնորդների, ինչպես նաև իսրայելցիների հետ:
Ըստ արաբական լրատվամիջոցների՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզզաթ ար Ռիշքն օգոստոսի 25-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հեռացել է Կահիրեից Եգիպտոսի և Կատարի միջնորդների հետ հանդիպումից հետո, որոնք նրանց տեղեկացրել են վերջին բանակցությունների արդյունքների մասին:
Ար Ռիշքը նշել է, որ ՀԱՄԱՍ-ը հաստատում է իր պատրաստակամությունը՝ կատարելու «Բայդենի պլանը», որն ԱՄՆ նախագահի կողմից հնչեցվել է հուլիսի 2-ին:
ՀԱՄԱՍ-ի տվյալներով` Իսրայելը հրաժարվել է զորքերը Ֆիլադելֆիայի և Նեցարիմի միջանցքներից դուրս բերելու իր պարտավորությունից և լրացուցիչ պահանջներ է ներկայացրել, ինչպիսիք են հրադադարի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո տեղահանված պաղեստինցիների ստուգումը անկլավի հյուսիս նրանց վերադարձի ժամանակ: