UNIFIL-ը և UNSCOL-ը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը (UNIFIL) և Հատուկ համակարգողի գրասենյակը (UNSCOL) համատեղ հայտարարություն են տարածել՝ հակամարտող կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը լիբանանա-իսրայելական սահմանին և զերծ մնալ սրող գործողություններից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ UNIFIL-ը և UNSCOL-ը հակամարտող կողմերին կոչ են արել վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանմանը:
«Կապույտ գծի ողջ երկայնքով այսօր տեղի ունեցող տագնապալի զարգացումների լույսի ներքո՝ Լիբանանում ՄԱԿ-ի համակարգողի գրասենյակը և UNIFIL-ը կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը և զերծ մնալ էսկալացիայից»,- ասվում է հայտարարությունում։ Ընդգծվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2006 թվականի 1701 բանաձևի պահպանման անհրաժեշտությունը, որը լիբանանա-իսրայելական սահմանին խաղաղության պահպանման միակ մեխանիզմն է։
Օգոստոսի 25-ին լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը և Իսրայելը հայտարարել են միմյանց ռազմական օբյեկտներին համապատասխանաբար հրթիռային և ռազմաօդային հարվածներ հասցնելու մասին: