Ծխախոտի գլանակը կպցրել է կնոջ աչքին, ձեռքերով, ոտքերով հարվածներ հասցրել
Նազար Ա․-ն ենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում ֆիզիկական ներգործություն է գործադրել կնոջ նկատմամբ։
Նա 2024 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել իր կնոջ մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև ծխախոտի գլանակը կպցրել է աջ աչքի հատվածին ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է աջ ակնակապիճային շրջանի քերծվածքների, աջ և ձախ ակնակապիճների կոպերի, ձախ բազկի, սջ նախաբազկի, որովայնի շրջանների արյունազեղումների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել հունիսի 17-ին և մակագրվել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանին։
Նազար Ա․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (hարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից) հատկանիշներով։
Նազար Ա․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։