Տաճարը բացումից 1 ամիս առաջ անավարտ է․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մայր Աթոռը հայտարարեց, որ սկսում է լրագրողների հավատարմագրումը՝ սեպտեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք Մյուռոնօրհնեքն ու Մայր տաճարի վերաօծումը լուսաբանելու համար: Փորձեցինք հասկանալ, թե ինչու էր 6 տարի ձգվում նորոգումը: 6 տարում զրոյից կարելի էր տաճար կառուցել՝ աշխարհում քաղաքներ են կառուցվում շատ ավելի կարճ ժամանակում:
Ի՞նչն էր Մայր տաճարն այսքան փակ պահելու պատճառը, մանավանդ որ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ կառույցի` 2018-ից փակված լինելու մեջ որոշ հավատացյալներ տեսնում են մեր ազգային ողբերգությունների` կորուստների ու զոհերի, Հայաստանի գլխին եկած աղետների վերերկրային բացատրությունը: Այս տարիներին բազում խնդրանքներ են ուղղվել Գարեգին Բ կաթողիկոսին, որ արագացնի տաճարի նորոգումը, հավատավոր ժողովրդի առաջ բացի Մայր տաճարի դռները` նաեւ նրա հույսը վերականգնելով, սակայն սայլը տեղից չէր շարժվում: Մենք տեղեկացանք, որ հիմա էլ Վեհափառը չի ցանկացել վերաբացել Մայր տաճարը՝ կրկնելով, թե «նորոգումը չի ավարտվել», եւ միայն տարբեր անձանց ու հոգեւորականների պահանջին է տեղի տվել:
Պարզվում է, որ վերաբացումից մեկ ամիս առաջ Մայր տաճարի վերակառուցումը դեռ անավարտ է` ոչ միայն որոշ աշխատանքներ կիսատ են, այլեւ շատ «ռաբիզ» վերանորոգում է իրականացվել` Գարեգին Բ-ի անձնական ճաշակով: Մասնավորապես` տաճարի հատակը սալիկապատվել է, եւ այն այժմ ուղղակի ժամանակակից բաղնիք է հիշեցնում: Մայր Աթոռին մերձ շրջանակները կարծում են, որ տաճարի շինարարությունն այսքան ձգձգելու պատճառներից մեկն էլ սփյուռքից եւ հայ մեծահարուստներից շարունակական ֆինանսական աջակցություն խնդրելու լեգիտիմ հիմք ունենալն է: Ո՛չ տաճարի նորոգմանն ուղղված հանգանակությունները, ո՛չ ծախսերը վերահսկելի չեն, միայն կաթողիկոսն է տնօրինում ողջ տեղեկատվությունը»։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։