Հերոսի կոչումից` կալանավորում. ի՞նչ վճիռ կկայացնի դատարանը Անդրանիկ Փիլոյանի գործով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանա Ազգային հերոսի կոչման, որից հետո` 2 տարի անց, Փիլոյանը կալանավորվեց։
Փիլոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանի վերջնական փուլում է. կողմերը պաշտպանական ճառով են հանդես գալիս, ու առաջիկայում դատարանը կգնա որոշում կայացնելու։ Ինչ ճակատագիր է սպասվում Նիկոլ Փաշինյանի կաբինետում նշանակված, հերոսի կոչման արժանացած Անդրանիկ Փիլոյանին՝ դժվար է ասել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների համար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարեւանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց հետ բարեխոսելու, ինչպես նաեւ նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար՝ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թվականին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։