Թալիբները ռուսական բիզնեսին հրավիրել են ներդրումներ կատարել Աֆղանստանում
Արմատական «Թալիբան» շարժման ժամանակավոր կառավարության տնտեսական հարցերով փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը ռուս ձեռնարկատերերին հրավիրել է ներդրումներ կատարել Աֆղանստանի տնտեսության մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ «Թալիբան»-ը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։
Երկու երկրների բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Աֆղանստանը բազմաթիվ հեռանկարներ ունի առևտրի և ներդրումների համար, և օտարերկրյա ներդրողները պետք է օգտվեն այդ հնարավորություններից։ Աբդուլ Ղանի Բարադար Ախունդը հիշեցրել է, որ երկիրը հարուստ է բնական պաշարներով։
Փոխվարչապետը նաև խոստացել է ամբողջական օգնություն ցուցաբերել հանդիպման մասնակիցներին բոլոր հարցերի շուրջ։ Նրա խոսքով՝ ռուս գործարարները սկսել են հետաքրքրվել ներդրումների խնդրով՝ հատկապես, արդյունաբերության ոլորտում, և ցանկություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը իրենց աֆղան գործընկերների հետ։
Հունիսին «Թալիբան» շարժման ներկայացուցիչներն այցելել էին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորում, որտեղ քննարկել են Ռուսաստանի հետ բանկային ոլորտում համագործակցությունը։ Ըստ Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովի՝ այդ գործիքի նկատմամբ մեծ հետաքրքրություն կար աֆղան գործընկերների կողմից։ Միաժամանակ կան այնպիսիք, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել և օգտագործել այդ հանգամանքը՝ ռուսական նախագծերում ներդրումներ անելու համար։