Ջակարտայում անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ
Ջակարտայում զանգվածային ցույցերի ֆոնին անվտանգության ուժերը ջրցան մեքենաներ են կիրառել երկրի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների դեմ, իսկ ոստիկանությունը բարիկադներ է կանգնեցրել, երբ ցուցարարները պոկել են խորհրդարանի դարպասները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինդոնեզիայում տեղի են ունենում զանգվածային բողոքի ցույցեր՝ երկրի խորհրդարանի կողմից տարածքային ընտրությունների մասին օրենքում կատարված փոփոխություններից հետո։ Ամբողջ երկրում մարդիկ դուրս են գալիս փողոց՝ կոչ անելով վերանայել որոշումը։
Ոստիկանությունը բարիկադներ է տեղադրել՝ թույլ չտալու համար ցուցարարների մուտքը խորհրդարանի շենք։ Ցուցարարների դեմ օգտագործվել է նաեւ արցունքաբեր գազ:
Նախօրեին երկրի խորհրդարանը երկու կարևոր որոշում է կայացրել՝ կապված տարածքային ընտրությունների թեկնածուների առաջադրման գործընթացի հետ, որոնք առաջացրել են հանրային ընդվզում։ Նախ, ընտրական շեմն իջեցվել է մինչև խորհրդարանում վավեր ձայների 6,5–10%-ը՝ հնարավորություն տալով առանձին կուսակցությունների առաջադրել թեկնածուներ՝ առանց կոալիցիա կազմելու։
Բացի այդ, խորհրդարանը հրապարակել է կանոնակարգ՝ տարածքային ընտրություններում թեկնածուների նվազագույն տարիքի մասին և 30 տարեկանը սահմանեց նվազագույն տարիք երդմնակալության պահին: Կարգավորումը կարող է թույլ տալ Ինդոնեզիայի Համերաշխություն կուսակցության նախագահ Կաեսանգ Պանգարեպին՝ նախագահ Ջոկո Վիդոդոյի որդուն, մասնակցել 2024 թվականի տարածաշրջանային ընտրություններին, չնայած տարիքի պատճառով նրա իրավասության վերաբերյալ նախկինում հնչել են կասկածներ: