Իրանը ցանկանում է թուլացնել լարվածությունը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերություններում. Արաղչի
Իրանը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերություններում, սակայն ակնկալում է, որ մյուս կողմը կչեղարկի պատժամիջոցները և կվերականգնի միջուկային գործարքը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչին։
Kyodo-ին տված հարցազրույցում դիվանագետը նշել է, որ իր ղեկավարությամբ Իրանի ԱԳՆ-ն կձգտի նվազեցնել լարվածությունը Վաշինգտոնի հետ և վերականգնել կապերը Եվրոպայի հետ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք Թեհրանի հետ հարաբերություններում հրաժարվեն «թշնամական մոտեցումից», ձգտեն վերականգնել միջուկային գործարքը և չեղարկել պատժամիջոցները:
Ի դեպ, սա Արաղչիի առաջին զրույցն է արտասահմանյան լրատվամիջոցի հետ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո:
Աբբաս Արաղչին եղել է Ճապոնիայում Իրանի դեսպանը 2008-2011 թվականներին: Հարցազրույցում նա նաև ցանկություն է հայտնել բարելավել Թեհրանի ու Տոկիոյի հարաբերությունները։