Հնդկաստանի վարչապետ Մոդին պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ուկրաինա մեկնելուց առաջ այցելել է Լեհաստան: Հանդիպման ժամանակ վարչապետ Դոնալդ Տուսկը հիշեցրել է իր սահմանները պաշտպանելու Կիևի իրավունքը, Մոդին իր հերթին Ռուսաստանին և Ուկրաինային «երկխոսության և դիվանագիտության» կոչ է արել:
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդ լինել Կիևի և Մոսկվայի միջև։ «Մենք հանդես ենք գալիս երկխոսության և դիվանագիտության օգտին՝ որքան հնարավոր է շուտ վերականգնելու խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է Մոդին՝ Լեհաստանի վարչապետ Տուսկի հետ հանդիպումից հետո։
Հնդկաստանը մինչ այժմ խուսափում է ուղղակիորեն դատապարտել Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ։ Սառը պատերազմից ի վեր Դելին սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ։ Միաժամանակ, Հնդկաստանը ձգտում է անվտանգության ոլորտում համագործակցել Արևմուտքի հետ՝ ցանկանալով ստանալ նրա աջակցությունը մրցակից Չինաստանի դեմ՝ նշում Է AFP գործակալությունը:
Ուկրաինան Մոդիի ժամանմանը սպասում է օգոստոսի 23-ին։ Դա կլինի Հնդկաստանի ղեկավարի առաջին այցը Ուկրաինա վերջին 30 տարվա ընթացքում։