Բոտսվանայում ավելի քան 2400 կարատ քաշով ալմաստ են գտել
Բոտսվանայի հյուսիս-արևելքում գտնվող Karowe հանքում 2492 կարատ քաշով ալմաստ են հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է կանադական Lucara Diamond Corporation ընկերությունը։
Այն աշխարհում երբևէ արդյունահանված ամենախոշոր ալմաստներից մեկն է։
«Մենք շատ ոգևորված ենք այս արտասովոր 2492 կարատանոց ալմաստի արդյունահանմամբ», – հայտարարել է ընկերության ղեկավար Ուիլյամ Լեմը` հավելելով, որ ալմաստն անվնաս հանել հնարավոր է եղել իրենց կողմից օգտագործվող նոր տեխնոլոգիաների և մոտեցումների շնորհիվ:
Վերը հիշատակված հանքում արդյունահանել են նաև 1758 և 1109 կարատ քաշով ալմաստներ։ Ընկերությունը չի հստակեցրել քարի որակն ու մոտավոր արժեքը։ Ամենամեծ ոսկերչական ադամանդը լեգենդար «Կուլինանն» է («Աֆրիկայի աստղ»), որը կշռում է 3106 կարատ: Այն հայտնաբերվել է 1905 թվականի հունվարին` ներկայիս Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում։ Քարը Տրանսվաալի բրիտանական գաղութի կառավարության կողմից փոխանցվել է Անգլիայի Էդվարդ VII թագավորին. մշակումից հետո ստացված ադամանդը տեղադրվել է բրիտանական միապետների գավազանում։ Ամենախոշոր ոչ ոսկերչական որակի ալմաստը հայտնաբերվել է Բրազիլիայում` 1895 թվականին (3167 կարատ): Բոտսվանան Աֆրիկայում ադամանդների խոշորագույն արտադրողն է և աշխարհում երկրորդը՝ Ռուսաստանից հետո: