Բորելը կոչ է արել չեղարկել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին հարվածելու սահմանափակումները
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերացնել Ռուսաստանի ռազմական օբյեկտների դեմ արևմտյան զինատեսակների կիրառման սահմանափակումները։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր կայքում։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով՝ այդ սահմանափակումների չեղարկումը՝ մի շարք կարևոր հետևանքներ կունենա: Դրանց թվում նա առանձնացրել է Ուկրաինայի ինքնապաշտպանության ուժեղացումը, հատկապես ենթակառուցվածքների ռմբակոծությունից պաշտպանվելու հարցում, ուկրաինացիների շրջանում կորուստների նվազեցումը, ինչպես նաև խաղաղությանն ուղղված ջանքերի խթանումը:
Պաշտոնական Կիևն արդեն տևական ժամանակ է՝ արևմտյան գործընկերներին խնդրում է թույլատրել նրանց կողմից փոխանցված հեռահար զենքերի կիրառումը ՌԴ տարածքում: Որոշ երկրներ, սակայն, կարծում են, որ դա զգալիորեն կսրի Ռուսաստանի հետ հարաբերությունները: