Մեկնարկում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 92-րդ թատերաշրջանը
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը տեղեկացնում է․
«Սիրելի՛ հանդիսատես,
Ուրախությամբ հայտնում ենք, որ հաշված օրեր անց մեկնարկում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 92-րդ թատերաշրջանը, որի ընթացքում կներկայացնենք արդեն սիրված ներկայացումներ, կհուրընկալենք համաշխարհային ճանաչում վայելող օպերային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանին, ինչպես նաեւ կունենանք մեծ առաջնախաղ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։
Թատերաշրջանի բացումը կմեկնարկի Արամ Խաչատրյանի անզուգական բալետներով՝ «Դիմակահանդես» եւ «Գայանե»՝ օգոստոսի 29-ին եւ 31-ին։
Սեպտեմբերի 4-ին բեմ կբարձրանա երաժշտական աշխարհի ազատության խորհրդանիշը՝ «Սպարտակ» բալետը՝ Արամ Խաչատրյանի գլուխգործոցներից մեկը, որը մարմնավորում է կոմպոզիտորի ստեղծագործական ամենավառ գծերը․ գրավիչ եւ հիշվող պատկերներ, բազմերանգ տեսարաններ, մեղեդայնություն, որտեղ եվրոպական դասական երաժշտությունը ձուլվում է արեւելյան ինտոնացիաներին։
Ջուզեպե Վերդիի՝ անառակ կնոջ սիրո, հիվանդության, ճակատագրի մասին պատմող «Տրավիատա» օպերան ավելի քան մեկուկես հարյուրամյակ հուզել է եւ շարունակում է հուզել բազմաթիվ ունկնդիրների սրտերը: Օպերային թատրոնում այն կարող եք վայելել սեպտեմբերի 5-ին։ Հաջորդ օրը բեմում կճախրեն Պյոտր Իլյիչ Չայկովսկու կարապները՝ «Կարապի լիճը» բալետում։
Սեպտեմբերի 7-ին Օպերային թատրոնի բեմում կփայլի անզուգական համաշխարհային աստղ Մարիա Գուլեգինա Մեյթարջյանը՝ Ջակոմո Պուչինիի արքայադուստր Տուրանդոտի դերով։ Օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին դարձյալ կվայելենք սիրելի սոպրանո Մարիա Գուլեգինա Մեյթարջյանի հոբելյանին նվիրված գալա համերգը՝ համաշխարհային երաժշտության գոհարների մատուցմամբ։
Ջակոմո Պուչինիի մեկ այլ հիանալի ստեղծագործություն՝ «Մադամ Բաթերֆլայ» օպերան սեպտեմբերի 12-ին հանդիսատեսին առօրյա գորշությունից կտեղափոխի ազնիվ եւ անձնվեր սիրո, մեծ կրքերի եւ մեծ զոհաբերություն ժամանակաշրջան։
«Իմ երաժշտական ընտանիքում մի անհնազանդ ու աղմկոտ զավակ կա՝ «Սուսերով պարը» «Գայանե» բալետից։ Ազնվությամբ, եթե ես իմանայի, որ այն այդպիսի հանրաճանաչություն ձեռք կբերի և արմունկներով հետ կմղի մյուս ստեղծագործությունները, ապա երբեք այն չէի գրի»,- այսպես է ասել Արամ Խաչատրյանն իր հայտնի ստեղծագործության մասին, որն ակամայից դարձել է իր «այցեքարտն» ամբողջ աշխարհում։ «Գայանե» բալետը թատրոնի բեմում կփայլի սեպտեմբերի 13-ին։
Օպերային արվեստի սիրահարները սեպտեմբերի 14-ին եւ 18-ին հնարավորություն կունենան վայելելու Ժորժ Բիզեի «Կարմեն» եւ Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերաները։
Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի առիթով բեմադրված «Տուլուզ Լոտրեկ» մյուզիքլը բեմում կլինի սեպտեմբերի 19-ին։
Սեպտեմբերի 26-ին եւ 27-ին բեմ է բարձրանալու թատերաշրջանի առաջնախաղը՝ Էդգար Հովհաննիսյանի եւ Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության գագաթնակետը՝ «Անտունի» բալետը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։
Փոքրիկ հանդիսատեսին կներկայացնենք սիրելի «ՄուկՕպերա» մանկական ներկայացումն այս ամիս՝ սեպտեմբերի 28-ին։ Նույն օրը երեկոյան՝ Արմեն Տիգրանյանի լեգենդար «Անուշը» հանդիսատեսին ինչպես միշտ կհուզի իր թումանյական հանրահայտ պատմությամբ։
Սիրով սպասում ենք»։