Մեքենայի մեջ հայտնաբերվել է 10 կգ թմրամիջոց
Այսօր՝ օգոստոսի 21-ին, գիշերային ծառայության ժամանակ ՊԾ Արարատի մարզի գումարտակի պարեկները Երևան-Երասխ ավտոճանապարհի Բաղրամյան բնակավայրի վարչական տարածքում՝ ճանապարհի աջակողմյան հատվածում, նկատել են կայանված «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները ստուգման նպատակով մոտեցել են նշված ավտոմեքենային և պարզել վարորդի ինքնությունը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ ակնհայտ տեսանելի վայրում, նկատել են կասկածելի պոլիէթլիենային տոպրակներ՝ թվով 6 հատ:
Պարեկները վարորդին հարցրել են, թե ինչ է տոպրակներում լցված, վարորդը սկսել է տարօրինակ շարժումներ և անհասկանալի արտահայտություններ անել, պարեկների կասկածներն ավելի են խորացել, ու հորդորել են վարորդին, որպեսզի բացի տոպրակները: Այնտեղ հայտնաբերվել է խոշոր չափի կանեփանման բույսի դեղնականաչավուն մանրացված, չորացված զանգված:
Տեղում դեպքի մասին պարեկները տեղեկացրել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարեկների ուղեկցությամբ վարորդին տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին: Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Նախնական տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Ղ.-ն է: Քննիչի որոշմամբ, վերջինս ձերբակալվել է: Հայտնաբերված թմրամիջոցը կշռում է մոտ 10 կգ: