Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի վարչապետի հետ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Կառավարական տանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Սա Ռուսաստանի և Չինաստանի վարչապետների 29-րդ կանոնավոր հանդիպումն է. այդ ձևաչափով բանակցություններն ընթանում են 1996 թվականից։
2024 թվականին ՌԴ Նախարարների կաբինետը քննարկման առաջնահերթ թեմաներից առանձնացրել է գործնական համագործակցությունը և համատեղ նախագծերի խթանումը արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի բնագավառներում։
Ակնկալվում է, որ բանակցությունների արդյունքներով կստորագրվեն միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրեր։ Ավելի ուշ Լի Ցյանին կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կողմերի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պեկինում, որից հետո Միշուստինը չինացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Մոսկվա՝ այդ ձևաչափով հաջորդ միջոցառմանը։ Ռուսաստանի և Չինաստանի վարչապետները հանդիպել են նաև 2023 թ. մայիսին ՌԴ վարչապետի՝ Չինաստան կատարած այցի ընթացքում: